Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՈՒժի կենտրոն ձևավորելու ձգտումով

ՈՒժի կենտրոն ձևավորելու ձգտումով
01.08.2008 | 00:00

ԻՐԱՎԻՃԱԿ
Հայաստանի ներքաղաքական իրադրությունն այսօր առանձնանում է երեք հիմնական բևեռների միջև ծավալված կոշտ պայքարով և առավել քան բարդ փոխհարաբերություններով։
Այդ բևեռներից առաջինը, բնականաբար, գործող իշխանությունն է, երկրորդը՝ արմատական ընդդիմությունը, երրորդը՝ իշխանությունից հեռացած, բայց ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակի հետ չհաշտված Ռոբերտ Քոչարյանը, որն իր վերահսկողության տակ դեռևս բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ ունի, կողմնակիցներ՝ վարչական ապարատում, քաղաքական դաշտում և վերահսկելի ԶԼՄ-ներում։ Ներքաղաքական հարաբերությունների ողջ բարդ հանգույցն անցած ամիսների ընթացքում գրեթե ամբողջապես պայմանավորված էր նրանով, թե ինչպիսի հարաբերություններ կձևավորի նոր իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորվող արմատական ընդդիմության կամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա շրջապատի հետ։ Շատերը հենց այս իրողությամբ են պայմանավորում իշխանության նախաձեռնած ռեֆորմների հաջողությունը կամ անհաջողությունը։ Այլ կերպ ասած՝ ռեֆորմները հաջողված կլինեն, եթե ստեղծվի «իշխանություն-արմատական ընդդիմություն» երկխոսության դաշտ, իսկ Քոչարյանն իրեն սատարող ուժերով մղվի լուսանցք, և ճիշտ հակառակ արդյունքը կարձանագրվի, եթե փորձ արվի լուսանցք մղել զգալի ընտրազանգվածի համակրանքը վայելող արմատական ընդդիմությանը։
Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ իրավիճակ է այդ բևեռներից յուրաքանչյուրում, ով ինչպիսի ծրագրեր ունի և ինչ փաստարկներով է պատրաստվում ազդել հակառակ բևեռի վրա։ Իշխանության հիմնական մոտեցումները կարելի է ձևակերպված համարել Սերժ Սարգսյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտված գաղափարների շրջանակում։ Գործող նախագահը, ըստ էության, փորձեց ինչ-որ իմաստով «տեղը դնել» և՛ արմատական ընդդիմությանը, և՛ Քոչարյանին՝ ցանկանալով ամրագրել, որ ինքն է հիմնական ուժային կենտրոնը, և այդ երկու բևեռներն են, որ անհրաժեշտություն ունեն իր հետ հաշվի նստելու։ Միաժամանակ, իբրև քաղաքական առումով մշտապես ճկուն գործող գործիչ, Սերժ Սարգսյանը նաև «տեղ թողեց» երկու կողմերի համար՝ արձանագրելով, թե երկխոսության դաշտը բոլորի առջև բաց է։
Եթե ուշադիր հետևենք իշխանության գործողություններին նախագահի ասուլիսից հետո, ապա հատկապես տնտեսական դաշտում իրականացված մի շարք քայլերով գործող վարչակազմը փորձում է բոլորին ցույց տալ, թե ինքը վճռական է տրամադրված բարեփոխումների կուրսն ավարտին հասցնելու առումով և այդ ճանապարհին չի ընկրկի որևէ խոչընդոտի առջև։ Ի՜նչ արժեր միայն «մարշրուտնիների» գծատերերի՝ քաղաքային տրանսպորտի գները բարձրացնելու առաջարկի մերժումը Տիգրան Սարգսյանի կողմից։ Առաջին խորհրդակցության ժամանակ գծատերերը կամ, ավելի շուտ, նրանց ներկայացուցիչները (իրական գծատերերն առաջին գիլդիայի չինովնիկներ են կամ պատգամավորներ) փորձում էին համոզել, որ ուղեվարձը պետք է դառնա 170 դրամ, հակառակ դեպքում իրենք վնասով են աշխատում։ Վարչապետը խոստացավ հարցն ուսումնասիրել և կրկին խորհրդակցություն հրավիրել։ Նախօրեին հրավիրված այդ միջոցառմանը, սակայն, գծատերերի ներկայացուցիչները ցուցադրաբար չներկայացան։ Հավանաբար «տեղյակ աղբյուրներից» իմացել էին, որ ուղեվարձը չի բարձրանալու։ Տիգրան Սարգսյանն էլ իրեն չզրկեց վերջիններիս «տեղը դնելու» հաճույքից, մանավանդ որ սա առաջին բացահայտ դեմարշն էր կառավարության ղեկավարի դեմ։ «Թող ընդհանրապես չաշխատեն։ ՈՒղևորների այդ զանգվածը կսպասարկեն «Բոգդան» ավտոբուսները և արդյունքում օգուտով կաշխատեն»,- սա էր Տիգրան Սարգսյանի արձագանքը, որն ավելի շուտ հիշեցում էր բոլոր գծատերերին, թե ով է այլևս տան իրական տերը։ Ավելորդ չէ նշել, որ, ըստ հավաստի տվյալների, նախկինում բոլոր «մարշրուտնու» գծերը բաշխվել են Ռոբերտ Քոչարյանի անձնական վերահսկողությամբ։ Այսպիսով, նոր իշխանությունը հասկացնում է նախորդին և նրա հովանավորյալներին, որ ինքը ոչ մեկից և ոչնչից չի վախենում։ Այս մարտավարությունն է որդեգրել նախագահ-վարչապետ Սարգսյանների երկյակը, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ հանրության բոլոր շերտերին կարողանա համոզել՝ ինքն է միակ ուժային կենտրոնը, որն ընդունակ է փոփոխություններ իրականացնելու։
Վերադառնալով Քոչարյանին՝ կարելի է արձանագրել, որ նրա բևեռում արդեն իսկ սկիզբ է առել համախմբման գործընթաց։ Քաղաքական առումով այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, արտահայտված է լինելու, այսպես կոչված, «հայրենասիրական» ընդդիմության ձևավորմամբ, որի առանցքը կազմելու է Սամվել Բաբայանով նորացված ՀՌԱԿ-ը՝ միայն թղթի վրա գործող այլ կուսակցությունների հետ միավորում ստեղծելով։ Սակայն Քոչարյանը նույնքան կարևորում է վարչական ռեսուրսի առկայությունը։ Այսինքն՝ իր ազդեցության պահպանումը կառավարման համակարգում։ Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, պատահական չեն խոսակցություններն իրեն մոտ կանգնած չինովնիկների հետ մասնավոր հանդիպումների մասին, որոնց ժամանակ նախկին նախագահը փորձում է համոզել զրուցակիցներին, թե Սերժ Սարգսյանը բավականաչափ ուժեղ չէ նույնիսկ իրեն նվիրված մարդկանց պաշտպանելու համար, մինչդեռ ինքը երբեք և ոչ մի պայմանով յուրայիններին չի հանձնել (եթե անգամ վերջիններիս մեղադրել են ծանր հանցագործության մեջ)։ Այսպիսով, նախկին նախագահը քայլեր է ձեռնարկում իր բևեռը ձևավորելու և ուժային կենտրոն դառնալու ուղղությամբ, քանզի քաջ գիտակցում է՝ միայն ազդեցության բազմավեկտոր ռեսուրսներ ունենալու պայմաններում է, որ ներկա իշխանությունը կշարունակի հաշվի նստել իր հետ, ձեռք չի տա իր և իր մերձավորների տնտեսական բարեկեցությունն ապահովող ֆինանսական հոսքերին, չի խոչընդոտի հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությանը։ Մի բան, որ արմատականորեն հակասում է նոր նախագահի և վարչապետի հայտարարած կուրսին։
Ինչ վերաբերում է Քոչարյանի նախորդին՝ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունն ընդառաջ չի գնալու բոլոր ձերբակալված ընդդիմադիրներին անհապաղ ազատ արձակելու պահանջին, Տեր-Պետրոսյանի մերձավոր թիմակիցների հայտարարություններն էլ վերջին շրջանում ընդունեցին կոշտ նրբերանգներ՝ «պայքար, պայքար մինչև վերջ» հայտնի կարգախոսի ոգով։ Սկզբունքորեն ընդդիմությունն էլ մտադիր է անել նույնը, ինչ ներկա կամ նախկին նախագահները։ Այսինքն, ամորֆ ընդդիմադիր շարժումից վերածվել ուժային կենտրոնի և դրանով իսկ հարկադրել իշխանությանը՝ հաշվի նստել իր պահանջների հետ ու, ըստ այդմ, հնարավորինս հեռանալ Քոչարյանի բևեռից։ Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ արձանագրել է, թե այնքան կվստահի բարեփոխումներ իրականացնելու Սերժ Սարգսյանի խոստումներին, որքան վերջինս ավելի ու ավելի կհեռանա Քոչարյանից՝ դառնալով նրա ստեղծած համակարգի գերեզմանափորը։ Բայց նոր նախագահին այդ ճանապարհով գնալու պարտադրանք կարող է հանդիսանալ միայն ընդդիմության ուժը։ Այսինքն, գործնական ապացույցն այն իրողության, թե արմատական ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները չեն փոխվել, և այն նախկինի պես համախմբված է նույն առաջնորդի շուրջը։ Ամենայն հավանականությամբ, այս նպատակն է հետապնդում այսօրվա հանրահավաքի անցկացումը, և եթե ընդդիմությանը 40 աստիճան շոգին կրկին հաջողվի հրապարակ բերել թեկուզ նույնքան մարդ, որքան հունիսի 20-ին կամ հուլիսի 4-ին, դա կլինի արմատական ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբված լինելու լավագույն ապացույցը։ Այսինքն, Տեր-Պետրոսյանը կպահպանի նաև իրական ուժային կենտրոնի վերածվելու, հետևապես նաև իր ցանկացած օրակարգով իշխանության հետ երկխոսություն սկսելու շանսերը։
Թեպետ արմատական ընդդիմության ճամբարում վերջին զարգացումները չեն բացառում, որ նշված երկխոսությունը կարող է և սկսվել ավելի մոտ հեռանկարում։ Մասնավորապես, Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեում հավաքված նրանց ընկերներն ու համախոհները, որոնք վերջին ամիսներին աչքի էին ընկնում արմատական ընդդիմադիր կեցվածքով, վերջերս ընդունեցին բոլորովին էլ ոչ միանշանակ հայտարարություն։ Դրան մասնակցել էր նաև Ժիրայր Սէֆիլյանը, և հայտարարության մեջ շատ համաչափ քննադատություն կար ինչպես իշխանության, այնպես էլ արմատական ընդդիմության մեջ գտնվող ուժերի հասցեին, թեպետ մինչև վերջերս Սէֆիլյանն ու իր համախոհները նրանց հետ նույն շարքում էին։ Այդ հայտարարության երևան գալը կարող է արդյունք լինել երկու իրողության։ Առաջինը՝ կամ արմատական ընդդիմադիր ճամբարը, իբրև հախուռն ուժերի ժամանակավոր դաշինք, սկսել է պառակտվել, քանի որ Սէֆիլյանն ու հետևորդների շրջանակն այդ հայտարարությամբ ակնհայտորեն «տարածություն են վերցնում» Լևոն Տեր-Պետրոսյանից և փորձելու են տեղավորվել իշխանության և արմատական ընդդիմության միջև, ստանձնելով յուրօրինակ բուֆերի գործառույթներ` դրանով իսկ փակելով «հայրենասիրական» ընդդիմության գործունեության դաշտը։ Եվ երկրորդ՝ Սէֆիլյանն այդ քայլին է դիմել իշխանության և արմատական ընդդիմության միջև երկխոսության միջնորդ դառնալու ակնկալիքով։ Ընդ որում, չի բացառվում, որ երկու կողմն էլ դրանից տեղյակ են, և դա իրենց միանգամայն ձեռնտու է։ Սկզբունքորեն ուրիշ որտեղի՞ց գտնել երկխոսության այդպիսի միջնորդ կամ կամուրջներ կապող, քան ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ճամբարում շատերի մոտ հարգանք վայելող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարն է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5703

Մեկնաբանություններ